ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Գոմի կորնթացի Նապոլեոնը

Գոմի կորնթացի Նապոլեոնը
06.10.2025 | 19:56

«Այսպէս ուրեմն՝ ով կարծում է, թէ կանգնած է հաստատ, թող զգոյշ լինի, գուցէ թէ ընկնի»

(Պողոս առաքյալի Ա թուղթը Կորնթացիներին, 10, 12)։

Փրկչական թվականի առաջին դար։

50-ականներ։

Հռոմեական կայսրություն։

Հունական Կորնթոս։

Հին աշխարհում պերճությամբ, հեթանոսական ցոփ տոնախմբություններով և անառակությամբ շնչող երազանքների քաղաք, որի անունը դարերի հերթափոխում անմահանալու էր Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված թղթերով։

Երկու նավահանգիստները՝ Կենքրա և Լեքեոն, կյանքը դարձնում էին ոչ միայն հարուստ, այլև աշխույժ և իրադարձություններով լի։

Տարբեր ազգերի ու զբաղմունքի տեր այցելուները՝ դերասաններ, փիլիսոփաներ, առևտրականներ, ամեն կարգի առաքինազուրկ շնացողներ, որ նվիրատվություններ էին անում տաճարներին, զոհեր մատուցում աստվածներին, ներմուծում էին նաև այլասերված բարքեր։

Արևելքի և Արևմուտքի ախտամոլ սովորությունները ողողել էին քաղաքն ու դարձրել ապականության որջ։

Եթե որևէ մեկին ասում էին՝ կորնթացի, ընդգծում էին նրա հատկապես անբարոյական լինելը։

Աստծո ամեն օր քաղաքական, կրոնական ու սոցիալական հախուռն զարգացումների իսկական պոպուրի-շքահանդես էր Կորնթոսում՝ զուգորդված ուրացմամբ, պոռնկությամբ, զեխությամբ, անգամ արյունապիղծ կապերով։

Այս ամենը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր հատուկ վայրերում ներկայացվող դաժան պատիժների ծիսական ցուցադրությամբ։ Դրանք երբեմն ուղեկցվում էին դժգոհներին, ըմբոստներին, խռովարարներին, քրիստոնեական ավետարանիչներին, նրանց հետևորդներին քարկոծելով սպանելու, գլխատման կամ իրական խաչելության տաժանալից մահվան արյունոտ տեսարաններով ու էքստազից մոլեգնած հեթանոս խուժանի հիացական ոռնոցներով։

Նյութապաշտության ու բղջախոհության ապականիչ խառնուրդը խաթարում էր մարդկային հոգիները, եղծում Աստծո հետ ունեցած փոխհարաբերությունները։

Հեշտանք, վայելքներ, ցոփություն, որկրամոլություն, արյունոտ դատաստաններ շնչող-արտաշնչող Կորնթոսում մեկ տարի և վեց ամիս ապրեց առաքյալներից մեծագույնը, որ աշխատանքին՝ վրանագործությանը զուգընթաց զբաղվում էր քրիստոնեական արժեքների քարոզչությամբ։ Կիլիկիայի Տարսոն քաղաքում ծնված հրեական համայնքի ներկայացուցիչ Սավուղը՝ դարձից հետո Պողոսը, ամենահայտնի քրիստոնեական քարոզիչն ու գործիչը, որ ժամանակի երեք հզոր մշակույթների մարդ-սինթեզ էր․

ա) արմատներով՝ հրեա,

բ) ուսումնառությամբ ու մայրենի լեզվով՝ հույն,

գ) քաղաքացիությամբ՝ հռոմեացի,

անտեսելով սպառնալիքներն ու վտանգները կենաց-մահու պայքար էր մղում տիրող գիջության, բոզաբուծության, փորամոլության, չարության, դավաճանության ու մարդկային այլևայլ ախտերի դեմ։

«Չգիտէ՞ք, որ անիրաւներն Աստծոյ արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք»,- հորդորում էր քրիստոնեություն դավանող եղբայրներին,- «ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծոյ արքայութիւնը չպիտի ժառանգեն»

(Կորնթացիներին Ա, 6, 9-10)։

Նա, որ չլինելով նախապես կանչված 12-ի սկզբնական շրջանակից,

նա, որ նամակներում իրեն կոչում էր՝ «ծառա Հիսուսի»,

քրիստոնեության տարածման գլխավոր այն ճարտարապետներից էր, որ սեփական կյանքի գնով մարտնչում էր հանուն՝ պղծության ճահճում շնչահեղձ լինող քաղաքի ու նրա բնակիչների փրկության։

Ճանաչելով քրիստոնեության մաքուր սկիզբը, նրա վեհացնող, փառավորող ոգին, ապրեցնող բնույթը, փորձում էր Հիսուսի շնորհի լույսով պարուրել բովանդակ մարդկությանը՝ հելլեն, հրեա թե հեթանոս, ծառա թե տեր, էգ թե արու և փրկել․․․ փրկել բոլորին։

Նրա կյանքը մինչև մահապատիժ, իրական դյուցազներգություն էր, մարտիրոսություն։

Պայքար էր անկրթության, խավարամտության, նախանձի, նախապաշարումների, հատկապես, անմարդկային ու անաստված տիրակալների դեմ։

«Մեր պատերազմը մարմնի ու արեան հետ չէ, այլ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ, և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփեսացիներին, 6, 12):

Նա գրավոր ժառանգությամբ ոչ միայն ի՛ր ժամանակակիցներին քարոզեց ճշմարտության խոսքը, այլև զրուցեց ապագա սերունդների հետ, խրատեց և ուսուցանեց իր բացակա-ներկայությամբ։

Գրեց նամակներ, որոնց բովանդակության մեջ խորացողը, հարյուրամյակներ անց էլ, ի զորու է սրբագրելու շրջապատի հետ ունեցած հարաբերությունները, կարգավորելու ի վերուստ շնորհված կյանքն ու հավատը։

«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք»

(Կորնթացիներին Ա, 5, 11)։

Տողեր, որ գրվել են հազարամյակներ առաջ, բայց ասես մեր ժամանակների «իրական» Հայաստանի հայելային արտացոլանքը լինեն։

Երբ տարսոնցի Պողոսը Կորնթոսի քրիստոնյա համայնքին էր հղում այս ուղերձը, գուցե և իր՝ ապրած ներկայի հեռավորությունից, տեսնում էր, որ ապագա դարերից մեկի առաջին քառորդում Թորգոմա տանը վալի է կարգվելու իսկական մի կորնթացի, որը լինելով թվարկված ախտերի կատարյալ համադրություն, բիբլիական այդ երկիրը ներքաշելու է մեծ ավանտյուրայի շրջապտույտ։

Թերևս, այդ տողերով նաև մեզ՝ արդի քաոսում ապրողներիս էր խորհուրդ տալիս՝ մերժել, որքան հնարավոր է շուտ ազատագրվել դավաճան, ուրացող, պոռնկաբարո այն վարակից, որը մեծ դավադրւթյուն է իրականացնում հայ տեսակի դեմ։

Որը ծրագրված քանդում է հայի պետությունն ու պետականությունը, քայլ առ քայլ սպանում հայի ինքնությունը, գետնաքարշ դարձնում նրա ազգային արժանապատվությունը։

Ֆանտասմագորիկ որկրամոլության հրապարակայնացմամբ (բերանի ջրերը կուլ տալով՝ խոզի հսկայական կտորներով շամփուրների ցուցադրություն, խորովածի ծուխ ու մուխ), հեծանիվա«սիրության» բեմադրությամբ (օտար մայրաքաղաքների փողոցներում), աշխարհի ամենատես աչքի առաջ ոտք ու հետույք քորելով, ատամներ քչփորելով, գարշելի ծամածռություններով ու տարբեր բարձր ամբիոններից հնչեցրած հիմարություններով հայոց պետության վարկանիշը սույն կորնթացին հավասարեցնում է զրոյի։ Հայ մարդուն անգամ ոչխարավորների աչքում դարձնում ծաղր ու ծանակի առարկա։

Երբ ապսպրում էր՝ «այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք», թերևս, չափազանց արագահոս այս կյանքում մեզ արթնության ու սթափության կոչ էր անում, քանզի գիտեր՝ նորից աշխարհ եկած Հուդան ոչ թե կրկին ինքնասպանվելու է, այլ սվաղելու-արդարացնելու է իր գործած մահացու մեղքերն ու ակնբախ հանցանքները, դավաճանությունները։

Շաղակրատելու է անվերջ ու ամեն ինչից, որովհետև Թորգոմի երկրում հայտնված կորնթոսցի Հուդան ոչ լռելու պահն է իմանալու, ոչ էլ՝ խոսելու։

Նեռի այս պաճուճապատանքը լեզվին տալով ու դատարկաբանելով, մոլագար պնդաճակատությամբ բեմադրած պոպուրի-շոուներով անդադրում ցուցադրելու է սեփական ողորմելիությունը։

Հընթացս էլ միայն իրեն հայտնի ջադույական զազրելի հնարքներով լվանալու է ամբոխացած զանգվածների ուղեղներն ու թելադրելու իր «չուլանա-բեսեդկայական» օրակարգը։

«Այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» բանաձևմամբ Պողոս առաքյալը կոչ է անում ոչ միայն մերժել պատուհասին, այլև, հնարավոր բոլոր միջոցներով, նման խայտառակությունից պաշտպանել սեփական արժանապատվությունն ու արդեն զրոյի սահմանագծին հավասարեցրած հայոց պետականության հեղինակությունը։

Մեր օրեր։

2025 թվական։

Քաղաքական վայրիվերումների աննախադեպ պոպուրի։

Իրազեկ էի, որ pot-pourri-ն (ֆր․) կարող է լինել․

ա) երաժշտական, չափածո կամ այլ հանրահայտ ստեղծագործություններից կազմված ժամանցային շոու,

բ) դեկորատիվ գավաթով մատուցվող՝ մսի, կանաչեղենի և սննդային այլ բաղադրիչների խառնուրդ համադամ,

գ) ծիսային չարխափան կրքոտ պար,

դ) տարբեր բուրմունքների հոտավետ համադրություն

(իսկապես գլխապտույտ ամպլիտուդներ),

բայց չգիտեի, որ գոյություն ունի նաև՝

ե) քաղաքական խրտվիլակի՝ յոթ տարի հինգ ամիս երկարությամբ ձգվող խառնիխուռն մտքերի շիլաշփոթ պոպուրի, որ հայտածում է դիվալլուկի իսկական «զրոյական» կետը և ամրագրում․

զրո ինտելեկտ,

զրո սկզբունք,

զրո դավանանք,

զրո գաղափար,

զրո օրակարգ,

զրո ծրագիր։

Ի վերջո, զրո մարդ, զրո հայ ու զրո կառավարիչ, որ դիպվածով մոլորվել է իշխանության բուրգում։

Պետական ինստիտուտը կրկեսի արենայի հետ շփոթած անպարագիծ ունայնություն, որ «չագուջ»-ային սպառնալիքներով, քծնանքով, դատարկ խոստումներով ու ծնկած մեյմունություններով հայաստանաբնակներին պարտադրվում է որպես առաջնորդ՝ գրեթե Կիմ Չեն Ըն։

Ինչ մնաց ընդհանուր հայտարարում։

Ազգից ժողովրդի, ապա և ամբոխի վերածվելու ճանապարհին պաշտպանական բնազդը կորցրած էթնիկ համախմբություն՝ սեփական անցյալը ժխտելու ագրեսիվ հայտով, ջախջախված ներկայով ու անորոշ ապագայով, որ ճարպոտ զրոյի կամքին հանձնված անտարբեր ու լուռ գնում է դեպի ինքնաոչնչացում։

Մինչդեռ զրոն, ինչպես գրել է 17-րդ դարի անգլիացի մաթեմատիկոս Ջոն Վալլիսը, նույնիսկ թիվ չէ։

Ոչինչ է։ Անգամ բացասականի չի ձգում։

Բայց արի ու տես, որ այդ ոչինչը երկրաչափական պրոգրեսիայով աճող մեծամտությամբ, ամեն ինչ իրենով անելու անսանձ ախորժակ է դրսևորում։

Իր ողորմելի գոյությունը համարյա որպես երկնքի նվեր հրամցնում բնակչությանը։

Կառավարում է քաոսի օրենքներով։ Իր իսկ ստեղծած կորնթոսյան թոհուբոհին քիչ-միչ խոստումներ է խառնում, ավելացնում ստի մահացու դոզա, ստացված շաղախը հունցում սրտակեղեք ճառերի, արցունքախառն կեղծ հուզումների անհրաժեշտ չափաբաժնով և՞․․․ ինքնակամ ստրկացածները, «չորս ոտքը լավ է՝ երկու ոտքն ավելի լավ» սկզբունքին հարազատ, զրոյի առաջին իսկ պահանջով․

«Հլա մի հատ գոռացեք՝ կեցցե՜»,

անկյանք ու անկիրք արձագանքում են՝ «կեցցե՜»։

«Չեղա՜վ,- դժգոհում է հերոս հարկատուների հաշվին տռզած զրոն,- մի քիչ բարձր»։

Հակառակ Պողոս առաքյալի պատգամի՝ հաց չուտել որևէ պոռնիկի, կռապաշտի, ագահի բամբասողի, հարբեցողի, հափշտակողի հետ, հանուն փորի պատանդված աթոռավորներն ու մանդատակիրները, Հայաստանից Չուչխե կերտող բռնապետիկի հետ ոչ միայն հաց են կիսում, այլև քծնանքի թունաբաժնից ծուլ լինելով հոտնկայս վանկարկում են՝

- Կեցցե՜․․․

- Կեցցե՜․․․

- Կեցցե՜․․․

Փոխակերպության օրենքին հարազատ՝ անասնաֆերմայի բնակիչներ դարձածներն առաջնորդվում են հայտնի կարգախոսով․

«Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»։

Հետևաբար, «մյուսների» շարքերում հայտնվածները, հանուն մի փոր հացի, դատապարտված են ենթարկվելու «որոշ»-ի կարգավիճակին ձգտող դարձվորի կամքին, եթե ցանկանում են, որ իրենցը լինեն

«Լափն ու կերը հայոց երկրի-

Առվույտ լինի, թարմ ճակնդեղ,

Թե անհատնում խոտ ու գարի»։

Ո՜նց դիմագրավես գայթակղությանն ու արցունքոտ աչքերով չծափահարես, երբ «որոշ»-ը պաթոսախառն շինծու հուզմունքով ճչում է բալագան հիշեցնող գռեհիկ ոճով․

«Ավետիսն եմ բերում ես ձեզ

Մեր նոր կյանքի՝ ոսկեդարի»։

Քծնանքի բարձր դոզավորումից բոզալացի գիրկն ընկածները «խաղաղ ու երջանիկ ապագայի» խոստումներից արբեցած զանցառում են, որ իրենց գոմի Նապոլեոնը՝

1․ աշխատելու փոխարեն հեծանիվ կամ ֆեյսբուքյան էջ է «քշում»։

2․ Բարձրակարգ մասնագետների փոխարեն օրենսդիր, գործադիր և դատական կառույցներում բանջարաբոստանային մշակաբույսեր է աճեցնում, աշխատավարձով հայհոյող ֆեյքեր է պահում։

3․ Երկիր ղեկավարելու փոխարեն, սահմանադրական կարգն է տապալում, պետություն քանդում։

Եվ որպես արդարացում որոճում են՝

«Ընտանիք ենք պահում»։

Նման արդարացումով էլ՝ սանձարձակության, լկտիության, անառակության շքահանդեսը կանգնեցնելու փոխարեն, լուռ հանդուրժեցին հայրենիքի առուծախը, արցախյան ազատամարտի հերոսների վարկաբեկումն ու քրեական հետապնդումը, ազգային Եկեղեցու դեմ իրականացրած անասնական հարձակումը, բարձրաստիճան հոգևորականների բանտարկությունն ու պատվիրված դատավարությունները։

Հիշենք՝ Հիսուսի մահը քավություն էր։ Նրա արյամբ խաղաղություն հաստատվեց Աստծո և մարդու միջև։

Սակայն հանուն ստամոքսի ներքինացածները լուռ համաձայնությամբ սատարեցին Նեռի խամաճիկին խաթարելու այդ խաղաղությունը։

Չարի ճարպիկ խաբեություններով ու գայթակղություններով խտացած մեր ժամանակներում առավել, քան երբևէ, արդիական է Պողոս առաքյալի արթնության կոչը, որ է՝ Աստծո պարգևած սպառազինությունը վահան դարձրած մարտնչել անբարո իշխանությունների ու խավարի տիրակալների դեմ։ Եվ ոչ թե «Ընտանիք ենք պահում» ստամոքսային տրամաբանությամբ դարան մտած հանդուրժել վարչապետի աթոռին հայտնված կորնթացու հիվանդագին ինքնադրսևորման ախտավոր պոռթկումները։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Կոլաժը՝ ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ